The Wall Street Journal-ի լրագրողներ Լոուրենս Նորմանը և Ջուլիան Բառնսը հարցազրույց են վերցրել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից:
Հալեպ
«Մենք հասկանում ենք այդ իրավիճակը, ինչպես և ՄԱԿ-ը, որ նշանակում է՝ մենք տեղեկություններ ունենք իրադարձությունների վայրից, որ հիմնականում ստանում ենք ՄԱԿ-ից և այլ աղբյուրներից: Պատերազմի ժամանակ, գուցե, բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում, բայց ակնհայտ է, որ այս դեպքում կա սիրիական վարչակարգի և նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի ուղղակի պատասխանատվությունը քաղաքացիական անձանց անվտանգության երաշխիքների ապահովման համար»՝ ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
«Հալեպի անկումը պատերազմի ավարտը չէ: Պատերազմը շարունակվում է մյուս տարածքներում: ԴԱԻՇ-ը շարունակում է երկրում գործել: Եվ մարտերը շարունակվելու են Սիրիայի տարբեր շրջաններում»՝ նկատել է նա:
ԵՄ-ի դերը Սիրիայում
«Ես միշտ շատ հստակ հայտարարել եմ, որ ԵՄ-ն ռազմական խաղացող չէ տեղերում: Ռուսները, իրանցիները, ամերիկացիները, տարածաշրջանային որոշ այլ մասնակիցներ, բայց ոչ ԵՄ-ն: Դա չի եղել և չի լինելու մեր գործունեության դաշտը»:
«Եվ ահա այստեղ է դրսևորվում ԵՄ-ի ունակությունը ոչ միայն բանակցել տարածաշրջանի բոլոր գործող անձանց հետ, այլև փորձել նրանց համար ընդհանուր դիրքորոշումներ գտնել: Հենց դա ենք մենք այս ամիս սկսել»:
Սիրիայի ապագան
«Ես վստահ եմ, որ ոչ վարչակարգը, ոչ ռուսները, ոչ էլ հարևան իրանցիները շահագրգռված չեն շարունակել ներքաշված մնալ շատ երկար պատերազմի մեջ, առավել ևս մնալ մասնատված երկրում: Ռուսների համար դա կարող է լինել ռազմական արշավ՝ երաշխավորելու համար նրանց ներկայությունը որոշակի հատվածում՝ Արևելյան Միջերկրածովյան ափին, որ ռազմական առումով հետևանքներ կունենա: Բայց սիրիացիների և տարածաշրջանային խաղացողների համար դա ուրիշ պատմություն է, հենց այդ պատճառով ենք մենք սկսել մեր նախաձեռնությունը տարածաշրջանում: Տարածաշրջանի բնակիչներից ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ «սև անցքեր» Սիրիայում՝ Իրաքի բարդ իրավիճակի, տարածաշրջանում իրադարձությունների զարգացման բարդ դինամիկայի պարագայում»:
Թրամփ, Եվրոպա, Ռուսաստան
Հարցին՝ չի՞ անհանգստացնում, որ ԱՄՆ-ը կարող է Եվրոպայի ունեցած դիրքերից «անցնել մյուս կողմը», որ հիմա Ռուսաստանն ունի Սիրիայի հարցում, Մոգերինին պատասխանեց, որ այդ հարցը ավելի շատ կարող է անհանգստացնել հանրապետականներին, քան եվրոպացիներին: «Ինձ շատ է հետաքրքրում՝ ինչպես են հանրապետականները Կոնգրեսում ու նախագահի աշխատակազմում Ռուսաստանի հարցում հավասարակշռություն գտնելու: Եվրոպայում մենք չենք համարում, որ Ռուսաստանի հետ հակառակ դիրքերում ենք: Մենք լուրջ տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ, երբ խոսքը վերաբերում է Ղրիմի անեքսիային կամ ՈՒկրաինայի կոնֆլիկտին»: Մոգերինիի խոսքով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն ունեն և այլ տարաձայնություններ Սիրիայի հարցում: «Մենք տարբեր տեսակետներ ունենք և որոշ այլ հարցերում, բայց կան հարցեր, որտեղ մենք հաջող համագործակցում ենք Ռուսաստանի հետ»՝ ասաց Մոգերինին՝ բերելով Իրանի միջուկային գործարքի և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի օրինակները:
ԵՄ պատժամիջոցների երկարացումը ՌԴ-ի նկատմամբ
Մոգերինին հայտարարել է, որ պատժամիջոցները գուցե երկարացվեն, հունվարի վերջին ժամկետը սպառվում է, «մենք առանձնապես չենք շտապում»՝ ընդգծելով, որ այդ հարցը վեճեր չի առաջացնի: «Պատժամիջոցները կան: Դրանք սահմանվել են, երկարացվել և նորից երկարացվելու են»: «Հարցը պատժամիջոցները չեն: Հարցը Մինսկի համաձայնությունների կայացումն է և ՈՒկրաինայի կոնֆլիկտի լուծումը»:
Հարցին՝ կարո՞ղ են եվրոպական պատժամիջոցները արդյունավետությունը պահպանել, եթե Թրամփը հանի ամերիկյանը, Մոգերինին պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշումը, որ կընդունի Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցների վերաբերյալ բոլոր դեպքերում կապված կլինի ՈՒկրաինայի արևելքում ռեալ իրավիճակի հետ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական դինամիկայի»: «Բացի այդ՝ կան պատժամիջոցներ Ղրիմի անօրինական անեքսիայի հետ կապված: Ղրիմի անեքսիայի չճանաչման քաղաքականությունը շարունակվելու է»:
Լոուրենս ՆՈՐՄԱՆ, Ջուլիան ԲԱՌՆՍ, The Wall Street Journal
Հ.Գ. 2017-ի համար այսպիսին է լինելու Եվրամիությունը՝ ոչինչ որոշակի, ամեն ինչ՝ մի քիչ, մի քիչ: Ֆեդերիկա Մոգերինիից որոշակիություն սպասել, թերևս, անիմաստ է, քանի դեռ հայտնի չէ՝ ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ